Հարցազրույցներ

«Հայի տականքը միշտ է եղել, բայց մտավորականները չէին լռում. հիմա ինչո՞ւ եք լռում». Աննա Հովներ

29.03.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ, երգահան Աննա Հովները չի կարողանում հասկանալ, թե մեր որոշ հայրենակիցներ ինչու են ատում Արցախը:

 
 
«Երկար եմ մտածել այս հարցի շուրջ, և գուցե պատճառն այն է, որ Արցախը մի փոքր հեռու է Երևանից, և ավտոճանապարհով 7 ժամ է, մարդիկ գուցե մտածում են, որ այնքան հեռու է, որ մերը չէ: Ես չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց, այս օրերին հնչող տարբեր արտահայտություններ: Ես չեմ կարող ճիշտ բնորոշել այն մարդուն, ով չի հասկանում, թե Արցախը ինչ կարևոր է Հայաստանի համար, ով չի հասկանում, որ Արցախը հայկական հող է, նույն կերպ, ինչպես Գյումրին, Վանաձորը և մեր մյուս քաղաքները: Այս օրերին համեմատություններ էին անում, թե մենք 4 տարի մնացել ենք առանց լույսի, ջրի, գազի, դե թող իրենք էլ համբերեն: Նախ՝ սրանք անհամեմատելի երևույթներ են, որովհետև այն ժամանակ մարդիկ հաղթած էին, մարդկանց մոտ կար խթան, որովհետև կար հաղթանակ, և մարդիկ միասնական էին, երբևէ չէիք լսի նման արտահայտություն, որ, օրինակ՝ մեր տղերքը զոհվում են հանուն ոչնչի, կամ ինչու պետք է մեր տղաները զոհվեն Արցախի համար: Նման բան չկար: Իսկ այստեղ, հերիք չէ՝ արցախցին կորցնում է իր տունը, հիմա էլ հայտնվում է այս վիճակում, ինչի՞ համար: Եթե մարդկանց դուր է գալիս, որ Ալիևն է որոշում՝ Արցախում գազ լինի, թե ոչ, դե ի՞նչ ասեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
 
 Անդրադառնալով շոու-բիզնեսի, մշակույթի ոլորտի այն ներկայացուցիչների լռությանը, որոնք նախկինում տարբեր առիթներով ակցիաներ էին կազմակերպում, նա նկատեց.
 
«Հիշենք, որ Ցեղասպանությունից մի քանի տարի հետո, երբ հայերի ողջ մնացած հատվածը նոր-նոր վերականգնվում էր, եղավ 1936թ., երբ մտավորականների մեծ մասին ձերբակալում էին, իսկ 1937-ին արդեն գնդակահարություններ էին տեղի ունենում. 1936թ. հայկական գրական ոլորտի ներկայացուցիչներից 70 հոգի սև ցուցակում էր, ի դեպ, այդ ցուցակների մեծ մասը կազմողները նույնպես հայեր են եղել, այսինքն՝ հայի տականքը եղել է միշտ, բայց մտավորականները չէին լռում: Դրանք ավելի ծանր ժամանակներ էին, երբ մտավորականներին գնդակահարում էին, բայց նրանք չէին լռում, չէին լռում Եղիշե Չարենը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին և մեր մյուս դասականները, մտավորականները:
 
 
Սա նշանակում է, որ միշտ մտավորականները եղել են քաղաքական ակտիվիստներ, ի՞նչն է ձեզ խանգարում խոսել այսօր, երբ մենք վերջերս ունեցանք մի քիչ ավելի փոքր ցեղասպանություն, որովհետև 2020թ. պատերազմին 5000-ից ավելի տղաներ զոհվեցին: Այսինքն՝ երբ ասում եք, որ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, դա պատճառ չի կարող լինել, երբ խոսքը հայրենիքի մասին է: Ի՞նչն էր պատճառը, որ նախկինում մասնակցում էիք 150 դրամների, էլեկտրիկ Երևան և մյուս ակցիաներին, բայց երբ խոսքը հայրենիքի մասին է, երբ հիմա պետք է խոսել, լուռ եք»:
 
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին