Հարցազրույցներ

«Թուրքը երեք ամիս է՝ մտել է ՀՀ տարածք, իսկ ինքը խաղաղությունի՞ց է խոսում, ու դա կոչվում է արտաքին նախաձեռնող քաղաքականությո՞ւն». Էդուարդ Շարմազանով

21.08.2021

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը

 
– Պարո՛ն Շարմազանով, կառավարությունը ներկայացրել է իր հնգամյա ծրագիրը, ձեր ընդհանուր գնահատականն եմ խնդրում՝ մասնավորապես արտաքին քաղաքականության ու Արցախի հարցի կարգավորման հատվածի հետ կապված: Որքանո՞վ է կառավարության արտաքին քաղաքականության ունեցած տեսլականը համապատասխան ստեղծված իրավիճակին:
 
– Ստեղծված իրավիճակին առհասարակ ոչ մի բան համապատասխան չէ, որովհետև այս իշխանության վերարտադրությունն ինքնին մի մեծ անհամապատասխանություն է:
 
Մի իշխանություն, որն ազգակործան ու սխալ քաղաքականություն է վարել և կանաչ լույս է վառել Ադրբեջանի համար՝ պատերազմ սկսելու գործում, որը հրաժարվել է հայանպաստ ժառանգությունից՝ բերելով Շուշիի ու Հադրութի հանձնման ու 5 հազար զոհ, ի՞նչ արտաքին քաղաքականության մասին կարելի է խոսել, այն էլ՝ նախաձեռնող արտաքին քաղաքականության:
 
Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն ռեժիմը Հայաստանը դարձրել է քաղաքական զրո, գործոն չէ այլևս: Եթե գործոն լիներ, մենք պատերազմի մեկ տարին լրանալու շեմին չէինք ունենա Ադրբեջանում պահվող գերիներ: Արդեն երեք ամիս է՝ թուրքը եկել կանգնել է Հայաստանի սահմանին, ի՞նչ արտաքին նախաձեռնող քաղաքականություն, ինչի՞ մասին է խոսքը:
 
– Այդ համատեքստում արտաքին գործերի նախարարի նշանակումն ինչպե՞ս եք գնահատում:
 
– Ինձ համար անձերն էական չեն, ձուկը գլխից է հոտում: Կառավարություն կոչվածի վերարտադրությունը մեր ժողովրդի խարանն է: Իրենց պարագայում արտաքին քաղաքականության մասին խոսելը, մեղմ ասած, ծիծաղելի է, որովհետև իրենք զրոյացրել են հարաբերությունները բոլորի հետ:
 
Փաստերով եմ խոսում, նույն ղարաբաղյան հարցում, մենք ի՛նչ էինք իրեն ժառանգել, իսկ ինքն ինչ թողեց: Ռուսաստանցի համանախագահ Պոպովը հստակ հայտարարեց, թե ինչ է բանակցվել: Ալիևի մի քանի օր առաջվա ելույթը Քարվաճառում նայե՞լ եք, ի՞նչ էր ասում, որ բանակցություններն իրենց համար նպաստավոր հունով չէին գնում, Արցախին պետք է տրվեր միջանկյալ կարգավիճակ, Լաչինը և Քարվաճառը մնալու էին Արցախի իշխանության վերահսկողության տակ, մինչև չլիներ հանրաքվե, որը կտար վերջնական կարգավիճակը:
 
Մեր ժառանգությունը սա է եղել, ի՞նչ արեց ինքը, տվեց Արցախի 75 տոկոսը՝ բանակցությունները սկսելով իր կետից, զրոյացնելով Արցախի սուբյեկտայնությունը:
 
– Ասում եք, որ այս իշխանության պարագայում արտաքին նախաձեռնող քաղաքականության մասին խոսք լինել չի կարող, այդ դեպքում ի՞նչ է սպասում Հայաստանի ու Արցախի Հանրապետություններին, պարո՛ն Շարմազանով:
 
– Ո՞նց կարելի է արտաքին նախաձեռնող քաղաքականության մասին խոսել, եթե սա դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքի կամակատարը: Վերջին երեք տարվա ընթացքում ինձ կարո՞ղ եք ցույց տալ մի կետ, որտեղ մենք արտաքին քաղաքականության մեջ հաջողության ենք հասել, միայն չասեք ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը, որովհետև նա դրա հետ կապ չունի:
 
Հայաստանից ու Արցախից եք հարցնում, բայց Հայաստանն իր ձեռքերը լվացել է Արցախից, Հայաստանի վարչապետը Արցախի դեօկուպացիայից խոսո՞ւմ է, լսե՞լ եք, Արցախի կարգավիճակից խոսո՞ւմ են:
 
Պարտություն բերածը, ոտքից գլուխ արտաքին քաղաքականության մեջ տապալվածը խոսում է արտաքին քաղաքականության մասի՞ն: Փաստերով եմ ասում, ի՞նչ է արել: Երկրորդ՝ ի՞նչ արտաքին քաղաքականության մասին կարող է խոսք լինել, երբ խորհրդարանում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն, անկախ անձերից, իր ծրագրային ելույթում չունի երկու կարևորագույն առաջնահերթություն՝ մեկը Ցեղասպանության միջազգային ճանաչումը, մյուսը՝ թուրքական ժխտողականության դեմ պայքարը: Չկա նաև Արցախի դեօկուպացիայի մասին:
 
Ի՞նչ նախաձեռնող արտաքին քաղաքականություն, եթե Հայաստանն այսօր իր թեթև ձեռքով ունի զրո ազդեցություն Արցախի վրա:
 
Քանի այս իշխանությունը, այս կապիտուլյանտ ռեժիմը կա, ոչ մի լավ բան չի սպասվում, ո՞նց բացատրեմ ձեզ: Մի մարդ, որը պարտվել է թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտության մեջ, թե՛ հոգեբանորեն, ո՞նց կարող է բանակցել Ադրբեջանի հետ:
 
– Բայց իրենց քաղաքական թիմն այդպես չի մտածում:
 
– Դե իրենց քաղաքական թիմը կարող է մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը Բայդենից, Պուտինից ու Մակրոնից ուժեղ քաղաքական գործիչ է, դա իրենց խնդիրն է: Բայց 3,5 տարվա մեջ մենք ի՞նչ ենք շահել, բացի տալուց: Մենք առանց պատերազմի ավելի շատ տարածք ենք տվել, քան պատերազմով:
 
Նոյեմբերի 9-ի փաստաթղթով գրված է, որ հայկական զորքերը դուրս են գալիս Աղդամից, Քարվաճառից, Լաչինից, իսկ մնացած հատվածներում զորքերը որտեղ կանգնած են, այնտեղ էլ մնում են: Հիմա ձեզ հարց եմ տալիս՝ նոյեմբերի 9-ին Կապան-Գորիս ճանապարհին թուրք եղե՞լ է, Շուռնուխում, Վարդենիսում, Սոթքում, Կութում թուրք եղե՞լ է: Ի՞նչ արտաքին քաղաքականության մասին եք հարցնում, երբ այն ամբողջությամբ սպասարկում է ոչ հայանպաստ օրակարգ:
 
Լսե՞լ եք մի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյան կոչվածը խոսի պատերազմում Ադրբեջանի հանցագործությունների, նրան պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, որ ասի՝ Շուշին պետք է ազատագրենք: Վիզը ծուռ գնում է Ալիևին բարևում, երբ մեկ տարի շարունակ Ալիևն իրեն նվաստացնում է:
 
– Կառավարության առաջարկած ծրագրի «Ղարաբաղյան հիմնախնդիր» ենթաբաժնում նշվում է, որ «Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Այս միտքը հստակություն ու կոնկրետություն պարունակո՞ւմ է:
 
– Ո՛չ, հայտնի սկզբունքն ու տարրերը որո՞նք են, որ Շուշին մերը չի՞ լինելու: Բա դա եմ ասում, բա ինչո՞ւ դեօկուպացիայի մասին չեն խոսում էդ ծրագրում:
 
– Այսինքն՝ ի՞նչ, հիմա այդ առաջարկած ծրագիրը, ըստ ձեզ, ուղղակի թղթի վրա եղած տողե՞ր են:
 
– Ախր, ի՞նչ ծրագիր, ի՞նչ ենք քննարկում: 44 օր ասում էր՝ հաղթելու ենք, հաղթե՞լ ենք: Պատմության մեջ չեմ հիշում մի դեպք, երբ սեփական արտգործնախարարը հերքի սեփական երկրի ղեկավարին: Իսկ Հայաստանի արտգործնախարարը հերքեց Նիկոլ Փաշինյանին, երբ նա հայտարարեց, թե Շուշիի հարցը միշտ բանակցվել է:
 
Ու դուք ասում եք՝ կառավարության ծրագի՞ր, էս մարդն իր ասածներից ո՞ր մեկն է մինչև հիմա արել:
 
 – Իսկ ի՞նչ կարծիքի եք՝ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ տարածաշրջանի ու Հայաստանի համար բացել խաղաղության դարաշրջան, պարո՛ն Շարմազանով:
 
– Խաղաղություն չեն մուրում, պարտադրում են, եթե գործոն են: Նա խաղաղություն է մուրում, զիջող կողմը խաղաղությունից խոսո՞ւմ է, նրան ո՞վ է հարցնում:
 
Առանց իրեն ոնց նպատակահարմար կգտնեն, կպայմանավորվեն: Խաղաղությունը ո՞րն է, որ թուրքը երեք ամիս է՝ մտել է ՀՀ տարածք, իսկ ինքը խաղաղությունի՞ց է խոսում, ու դա կոչվում է արտաքին նախաձեռնող քաղաքականությո՞ւն: Իրեն հարգող որևէ պետություն, ղեկավար, երբ թշնամին երեք ամիս է՝ իր տարածքում է, խաղաղասիրությունից կխոսե՞ր:
 
Խաղաղությունից խոսում են այն ժամանակ, երբ թշնամու ականջները ձգում, ճանապարհում են, իրենց սահմանները մաքրում, նոր ասում են՝ եկեք արժանապատիվ խաղաղություն հաստատենք: Թուրքական պայմաններով դեմարկացիան ու դելիմիտացիան խաղաղությո՞ւն է, դա նվաստացում է, ղազագիր է:
 
Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

← Վերադառնալ ցուցակին