Հարցազրույցներ

«Նիկոլ Փաշինյանն իմ ու իմ ընկերների վրա Ալիև է բերել. իր մեծ ախպերն Ալիևն է». Հայկ Մամիջանյան

30.05.2021

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը միշտ պատրաստ է ցանկացած պայմանագրի հակահայկական հատվածն ափալ-թափալ կատարել:

 
«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագիրը, թեպետ իր ողջ բովանդակությամբ հակահայկական էր, բայց, այնուամենայնիվ, իր մեջ գերիների հարց էր պարունակում, որին Նիկոլն այդպես էլ չանդրադարձավ: Ինքը կատարեց ադրբեջանական կողմի բոլոր պահանջները՝ որևէ մեկին հակակշիռ չտալով գերիների հարցը: Ավելի վատ բան ասեմ՝ Նիկոլը նույնիսկ գերիի կարգավիճակի չի կարողացել հասցնել մեր այն հայրենակիցներին, որոնք այս պահին պահվում են Ադրբեջանում: Ադրբեջանն ասում է՝ մենք գերի չունենք, այն մարդիկ, որոնք հետագայում հայտնվել են Ադրբեջանի ԶՈւ ձեռքերում, գերու կարգավիճակ չունեն, և Փաշինյանը նույնիսկ դա ուղղել չի կարողանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
 
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի առաջարկն իրականություն դառնա, և միջազգային դիտորդներ տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին, ապա Հայաստանն ու Արցախը դառնալու են մի տարածք, որտեղ տարբեր երկրներ տարբեր դիտորդական առաքելություններ են իրականացնելու, և ըստ նրա՝ ինչ-որ պահի Հայաստանը կարող է դառնալ միջազգային բախումների թատերաբեմ:
 
«Սկսելով այս գործընթացը, Նիկոլը և իր ուսապարկերի հավաքածուն փաստացի ընդունում են, որ հայ-ադրբեջանական որևէ խնդիր չկա՝ մոռանում ենք Արցախի կարգավիճակի քննարկումները, Արցախի անվտանգային երաշխիքները, որ բխում է կարգավիճակից, և այլն: Հայաստանը հաշտվել է այն մտքի հետ, որ ինքը սոցիալական օգնություն փոխանցող կողմ է Արցախի համար, անվտանգության ապահովում Արցախի համար Հայաստանն այլևս չի իրականացնում, ավելին՝ Հայաստանն ինքն իր համար չի իրականացնում անվտանգության ապահովում: Առնվազն հիմար է այն մարդը, որը պատերազմ է ուզում, պատերազմ ոչ ոք չի ուզում, բայց խաղաղությունը լինում է ամոթալի և արժանապատիվ: Ես գիտեմ, որ հիմա կապիտուլյանտն անդադար ամբողջ քարոզարշավը կառուցելու է նրա վրա, որ՝ ես խաղաղություն եմ բերում: Ինքը խաղաղություն չի բերում, ինքը նորանոր պատերազմների հնարավոր օրրաններ է ստեղծում, սա՞ է խաղաղությունդ»:
Դիտարկմանը՝ Փաշինյանն ասում է՝ խաղաղության հասնելու համար պետք է անցնել դժոխային ճանապարհի միջով, նա արձագանքեց. «Իր ամբողջ գործունեությունը դժոխային էր, բայց այն իր թեզը, որ՝ ես բերել եմ խաղաղություն… բերածդ խաղաղությունը գլխիդ կպչի, Հայաստանի տարածքից 6 հոգի է գերեվարվում, և մեր տղերքից մարդ է զոհվել, սա չէ՞ քո խաղաղությունը»:
 
Հայկ Մամիջանյանն ընդգծեց. «2018թ. Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվել էր, որ Ալիևը քիչ սահմանային միջադեպեր անի, պատճառաբանելով, որ՝ իմ երկրում անկայուն քաղաքական վիճակ է, թող կայունանամ: Նիկոլ Փաշինյանը իմ ու իմ ընկերների վրա Ալիև է բերել. իր մեծ ախպերն Ալիևն է: Եթե դա կարող էր պայմանավորվել, ո՞վ ասաց, որ մնացածը չի կարող պայմանավորվել: Խնդրում եմ, ֆիքսեք, թե ոնց է Նիկոլը խոսում Ալիևի մասին՝ կիրթ, գրագետ, կառուցողական, և ոնց է խոսում իր ընդդիմադիրների՝ մեր մասին՝ փողոցային բառապաշարով, կեղծ «դուխով»: Ինքը վախենում է Ալիևից, բայց իրականում պետք է վախենա հայ ժողովրդից, որովհետև երկրագնդի վրա ամենաշատ վնասը, չարությունն ու չարիքը բերել է հայ ժողովրդի գլխին, այնինչ, պետք է փորձեր դա անել Ալիևի նկատմամբ»:
 
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

  168.am
 

← Վերադառնալ ցուցակին