Հարցազրույցներ

Փաշինյանը կապիտուլյացիայից ու դժոխքից բացի մեզ ոչինչ չի տալու. Աննա Մկրտչյան

30.05.2021

 Արտաքին ու ներքին քաղաքական հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀԿ անդամ, «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր, իրավական հանձնախմբի ղեկավար Աննա Մկրտչյանի հետ։

 
- Տիկի՛ն Մկրտչյան, ինչպե՞ս ստացվեց, որ Դուք հայտնվեցիք «Պատիվ ունեմ» դաշինքի 3-րդ համարի ներքո։
 
- Ես 2014 թվականից Հանրապետական կուսակցության անդամ եմ։ Չնայած իրադարձությունները 2018-ից հետո շատ խիտ էին զարգանում «Հանրապետականում», ինձ համար, խնդրում եմ անհամեստ չհնչի, բայց հպարտություն է, որ կայունությունս պահպանվել է ոչ միայն կուսակցական տոմսի առկայությամբ, այլ ամենակարևորն իմ քաղաքական հայացքների, համոզմունքների մեջ։ Դաշինքի 3-րդ համարը լինելն ինձ համար, անկեղծ եմ ասում, տրված մեծ ավանս է, գնահատական, պարտավորություն՝ ոչ միայն պահպանելու այն գիծը և կայունությունը, որ ունեմ, այլ նաև զարգանալու, առաջ գնալու և շատ ավելին տալու մեր հասարակական-քաղաքական կյանքին։ Այս կարճ ժամանակահատվածում կարողացել եմ ցույց տալ ցույցերի միջոցով, իմ դիրքորոշումը հրապարակային արտահայտելու միջոցով։    
 
 
- Ինչպե՞ս եք պատրաստվում կազմակերպել քարոզարշավը՝ հաշվի առնելով թե՛ սահմանային լարվածությունը, թե՛ որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։ Այս պայմաններում ինչպե՞ս եք պատրաստվում։
 
- Ձեր հարցի մեջ շատ ճիշտ և անկյունաքարային դրվագներ կային։ Իրականում մենք աբսուրդի մեջ ենք ապրում, որովհետև այս դավաճան իշխանությունը փորձում է մեզ համոզել՝ «Գիտե՞ք՝ ինչ, սովորական հերթական արտահերթն է»։ Բայց մեր երկրում այլևս ոչինչ սովորական ու հերթական չէ։ Ամեն ինչ արտառոց է այն աստիճան, որ յուրաքանչյուր օր արթնանալով՝ մենք ուզում ենք հասկանալ, թե պաշտպանության նախարարությունից էլ ինչ ֆանտազիայի ժանրին հասնող հայտարարություն կլինի։ Կամ այդ նույն դավաճան Նիկոլն ի՞նչ կասի․ 30 տոկոս Սև լիճը, պարզվում է, մեզ պետք չէ, հիմա պարզ է, որ Ջերմուկում բարձունք են գրավել, այդ էլ դե ոչինչ, սար կա, որի վրա միշտ ձյուն է, դա էլ մեզ պետք չէ, Տավուշից 8 գյուղ կհանձնեն, դա էլ մեզ պետք չէ։ Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության բանակը, որ կանգնած է տարածքային ամբողջականության հիմքերում, պետք է հայելային տարբերակով հետ գնա իր սեփական կանգնած կետից, այսինքն՝ մեր տարածքից։ Այս օրակարգը Նիկոլ Փաշինյանի պարտադրած օրակարգն է մեզ։ Ու Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հենց ընտրությունների մասնակցության վերաբերյալ հայտարարությամբ շատ հստակ ասաց, որ մենք Հայրենիքի փրկության շարժման ձևաչափում ակտիվ մասնակցում էինք, ու այս ամեն ինչը պետք է հանգուցալուծվեր բոլորի միասնականությամբ ընդդեմ սրանց։ Ընդդեմ մարդկանց, ովքեր դավաճանեցին, խաբեցին։ Չգիտես՝ ում են մեղադրում Շուշին հանձնելու մեջ, բայց ոչ իրենց։ Այս մարդիկ ինքնաթիռներն ընդամենը կոմուֆլյաժի տարբերակով էին մեզ ներկայացնում, մարդիկ, որ ելակով էին գլուխ գովում, գնումների պլան են փոխել մեր ռազմամթերքի ձեռքբերման մեջ։ 
 
Իրենք մեզանից 6 ամիս ժամանակ էին ուզում, ինչի՞ համար։ Այդ 6 ամիս ժամանակահատվածն իրենք ներկայացնում են որպես կայունացման շրջան, բայց այդ կայունացման շրջանն ընդամենը մի բանում էր արտահայտվում՝ իրենց թուրք-ադրբեջանական տեռորիստներին չէին հանձնել Հայաստանի Հանրապետության կործանումի ամբողջական փաթեթը։ Կործանել էին Արցախը՝ իրենց համար մի քանի բացասական հետևանքներով։ Իրենց նաև անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության կործանումը՝ որպես ամբողջական միավոր։ Ու դժբախտաբար իրենց դա հաջողվել է, որովհետև, ըստ էության, ՀՀ սուբյեկտություն գոյություն չունի։ Եթե ԱԱԾ-ն միայն Նիկոլի «ախրանիկությունն» է անում, պաշտպանության նախարարությունն էլ Նիկոլ Փաշինյանից ստացած SMS-ները որպես պաշտոնական հաղորդագրություն է գրում-ուղարկում, ի՞նչ անենք մենք այստեղ։ Անկախ քաղաքագիտական առումով ձևավորված դաշինքների, միավորումների, կուսակցությունների մասնակցությունից, իմ կարծքով, այս ընտրություններում բոլորը պետք է լինեն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Ինչ էլ, որ մենք անենք նախընտրական, հետընտրական շրջանում, մենք չպետք է մոռանանք մի բան՝ այս ամեն ինչի գերնպատակը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է, որովհետև այդ մարդը ցավից, կապիտուլյացիայից ու դժոխքից բացի մեզ ոչինչ չի տվել ու չի էլ տալու։  
 
- Իսկ իրավիճակն ինչպե՞ս եք հանգուցալուծելու իշխանության գալու պարագայում։ Թե՛ սահմանների հետ կապված, թե՛ որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք։
 
- Խնդիրներն այնքան շատ են՝ ներքինով սկսած Հայաստանի Հանրապետության հանդեպ արտաքին ընկալումներով վերջացրած։ Մենք կոտրված հասարակություն ենք այլևս։ Կոտրված ոչ միայն բարոյահոգեբանական տեսանկյունից, այլ նաև ինստիտուցիոնալ-կառուցվածքային տեսանկյունից։ Գաղտնիք չէ՝ ջախջախված բանակ, ջախջախված անվտագային համակարգ, չկա որևէ երաշխիք։ Արտաքին աշխարհում եթե պետք է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ օգնություն գտնենք, ինքն այդտեղ էլ է բլոկել ու փակել ամեն ինչ։ Ասենք՝ ՀԱՊԿ-քարտուղարին էր մարդը ձերբակալում, կալանավորում՝ այդ կառույցը [ՀԱՊԿ-ը] վերջանականապես հեղինակազրկելու և բարոյազրկելու համար։ Հիմա դիմում է ՀԱՊԿ-ին այն հոդվածով, որ մարդիկ հնարավորության շրջանակներում ընդամենը թղթավարություն ապահովեն իր հետ։ Ամեն ինչ պետք է սկսվի ոչ թե զրոյից, այլ երևի մինուսային շրջանակներից, որովհետև ահռելի ջանքեր են պետք ու աշխատանք։ Եթե անկեղծ ասեմ, դա ոչ մի դաշինքի, ոչ մի կուսակցության, ոչ էլ մի մարդու խելքի բանը չէ, մեզ իրականում համախմբում է պետք։ Համախմբում ոչ թե վերացականությունն ապահովելու համար։ 
 
Սրանք են, չէ՞, ասում՝ «Ինչ եղավ, բոլորս մեղավոր ենք»։ Գլխավոր շտաբի պետի տեղակալն ի՞նչ էր ասում, ասում էր՝ «Մենք առաջնագիծը չենք կահավորել, դրա համար մանուկից մինչև մեծ մեղավոր ենք»։ Այսինքն՝ եթե այս մարդիկ այս տրամաբանությամբ են առաջնորդվում, մենք ապագայում ստանալիք ոչինչ չունենք։ Մեր տրամաբանությունը դա չպետք է լինի։ Ես կարծում եմ՝ որոշումների կայացման հասցեականությունից, դրանց պատասխանտուներից, մեղավորներից սկսած պետք է լինեն հստակ պարտավորություններ՝ ներքաղաքական իրավիճակը, առողջապահական իրավիճակն ուղղելու, անվտանգությունն ուղղելու համար։ Ու հասկանալու՝ մենք ինչպես ենք վերականգնում մեր սուբյեկտայնությունը։ Որովհետև մենք այս երկու շաբաթվա ընթացքում ոչ թե քարոզչության, այլ մեր ծրագրի ներկայացման համար դրույթներ էինք առաձնացնում մարզեր այցելելով։ Ու գաղտնիք չեմ ասի, որ երբ սոցիալ-տնտեսական ծանր բեռի տակ ճգնած մարդկանց հետ խոսում ես, անգամ տպավորություն է, որ իրենք անհարմար են զգում այդ խնդիրը բարձրաձայնել։ Ցույց են տալիս դիմացի բլուրը, ասում են՝ «Թե ցանկություն ունեք, դիմացի բլուրը բարձրանանք, տեսեք՝ ինչ է կատարվում»։ Թշնամու դրոշն է, թշնամին ինչպես է իր վրաններում իրեն լավ զգում, մենք ինչպես ենք վախեցած պառկում՝ մտածելով, որ այդ բլրակը մի օր չի լինի, կամ մի օր կգան-կհասնեն մեզ»։ Սա այն իրականությունն է, որի մեջ ստիպված ապրում ենք բոլորս։
 
- Օրինակ՝ առաջին քայլը ո՞րը պետք է լինի, որ Հայաստանի սուբյեկտայնության ուղղությամբ պետք է անել, և ստիպել Ադրբեջանին, որ հեռանա Հայաստանի տարածքից։
 
- Ամենաառաջին քայլը պետք է լինի Հայաստանում 2018 թվականից հետո և շատ ավելի խորքային 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո իրականացվող գործողությունների քաղաքական, իրավական, դիվանագիտական և մնացած բոլոր ոլորտների վերաբերյալ գնահատականը։ Եթե մենք մեր մեջ որպես հասարակություն, հետագայում մենք՝ որպես իշխանություն կամ իշխանության մաս, հնարավորություն, ուժ ու կամք չգտնենք ասելու, թե այս մարդիկ ինչ օրը գցեցին Հայաստանը քաղաքական և իրավական առումով, մենք որպես հասարակություն չձևավորենք արդարացի անհանդուրժողականություն պետությունը դավաճանածների, իրենց անմեղսունակի տեղ դրած, բայց իրականում կոնկրետ կոդային ծրագրերով երկիրն ավերած մարդկանց հանդեպ, մենք հնարավորություն չենք ունենա հասկանալու, թե ինչ անենք հետո։ Որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեր ականապատված դաշտերի սխեմանեըը հանձնել ադրբեջանցիներին, գուցե ուրիշ բաներ էլ է տվել։ Հնարավոր է, որ այս մարդն ինչքան ռազմարդյունաբերական, ռազմատեխնիկական ծրագրեր ունենք, ամեն ինչը վաճառել է։ Հիմա եթե վաճառել է, պետք է հասկանանք, չէ՞, մինչև որ փուլն է վաճառել։ Այս մարդը պետք է գնա, իր համար միայն ընդունելի կարգավիճակով բանտում նստի, որ մենք հասկանանք՝ վերջ, սա մեր սկզբնակետն է, հիմա այստեղից ինչ անում ենք, անում ենք մեր պատասխանատվությամբ, մեր վրա է այդ պատասխանատվությունը։
 
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում ի՞նչ է պետք անել, ի՞նչ միջոցներով վերադառնալ, Հայաստանը որպես կողմ ներգրավել բանակցություններում, և Ադրբեջանին բերել նաև բանակցությունների սեղան, որովհետև Ադրբեջանը պնդում է, որ իրենց համար «ավարտված է ԼՂ հակամարտությունը, անցյալում է»։
 
- Դուք շատ ճիշտ ենթատեքստով նշեցիք։ Այո, կողմ դառնալու խնդիր ունենք, որովհետև մեզ վերացրել են որպես կողմի։ Հիմա տպավորություն է, որ տարածքային միավոր ենք, որտեղ ՌԴ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Թուրքիան և Ադրբեջանը կնստեն, կորոշեն, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ուզում մեր ձևական տարածքային ամբողջականության հետ անել։ Բանակցային գործընթացում զրոյացրել են բոլոր առավելությունները՝ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից սկսած մինչև մեր կարծիքն ընդամենը լսելի դարձնելը։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը երբ որ ասում էր՝ «Ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ», վերելակում ինչ խոսեց, ինքը գիտի, Դուբայում թուրք-ադրբեջանական աշխատակազմից ինչ փոխանցեցին, ոչ մեկս չգիտի, վերջում էլ կագնեց-սադրեց Արցախում՝ ասելով, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ամեն ինչ անում էր, որ Մինսկի խմբի համանախագահները և նաև Ադրբեջանը հնարավորություն ունենան դիրքորոշում ձևավորել ի վնաս Հայաստանի։ Այսինքն՝ ասել, որ «այդ մարդիկ կառուցողական չեն», ինչը երբևէ ուղղակի Հայաստանի Հանրապետության հասցեին չի հնչել։ Բանակցությունները տարբեր փուլերում ու տարբեր ինտենսիվությամբ կարող էին լինել, բայց մենք որևէ տեքստ նախկինում չէինք կարող գտնել, որտեղ գրված է՝ «կառուցողական չէ», ընդհակառակը՝ միշտ ենթատեքստում, ենթատողերում կար նման մոտեցում, որ ապակառուցողականը Ադրբեջանն է, ագրեսորն Ադրբեջանն է։ Հիմա եթե մենք համահարթեցված ենք, դա լավագույն տարբերակն է, բայց ամենավատ տարբերակը, որ «Հայաստանը կառուցողական չէ»։ 
 
«Նոր պատերազմ, նոր տարածքներ» իրենց պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարություններ են անում, Դավիթ Տոնոյանն էլ, Աստված գիտի, որտե՞ղ է իր կատարած հանցակազմերով, երևի փախել է պետությունից։ Այս ամեն ինչի ֆոնին մենք դիվանագիտական ահռելի աշխատանք ունենք անելու։ Ի՞նչ ունենք դիվանագիտական տեսանկյունից։ Արտաքին գործերի նախարարությունում նախարար է փոխվում ամեն կապիտուլյացիոն փաստաթուղթը մեկ։ Այս մարդիկ իրենց կարիերան են դնում ու (հազար ներողություն բառիս համար) «վարի տալիս» Նիկոլի մոտ պարգևավճարով ԱԳՆ նախարար աշխատելու համար։ Նաև ափսոսում եմ 30 տարիների ռեսուրսը, որ ԱԳՆ է կառուցվել ու կառուցվել է աշխարհում հեղինակավոր ԱԳՆ։ Այս մարդիկ սպասում են՝ երբ Նիկոլն իրենցից թաքուն կամ իրենց հետ քննարկելով (դա էլ իրենց խղճի վրա է) հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրի, դրանից մի շաբաթ առաջ կամ մի օր առաջ հրաժարական տան, գրեն-գնան։ Այսինքն՝ քարը քարի վրա չթողած դիվանագիտություն, նշանակում է կառուցել զրոյից ու փորձել բոլորին, արտաքին աշխարհին ապացուցել, որ մենք սուբյետ էինք, հիմա էլ սուբյեկտ ենք։ Մեր երկրում սուբյեկտայնության խնդիր եղել է այն բանի պատճառով, որ մեր երկրում իշխանությունը զավթել են դավաճանները։ Զավթել են մարդիկ, ովքեր ներկայացրել են ոչ թե հայկական շահն ու հայկական պետությունը, այլ ներկայացրել են կոնկրետ Թուրքիայի և մեր թշնամիների շահն այս երկրում։
 
- Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է։ Արտաքին հարաբերություններում ԵԺԿ-ն ցույց կտա՞ այնպիսի աջակցություն, որ Հայաստանը բարձրացնի իր սուբյեկտայնությունն արտաքին հարաբերություններում, նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում։
 
- Նույնիսկ պատերազմական ժամանակահատվածում ԵԺԿ-ն այն բացառիկ կառույցներից էր, որտեղ ՀՀԿ-ի ակտիվ ներգրավվածության և մեր անդամների անձնուրաց աշխատանքի շնորհիվ մի քանի դատապարտող հայտարարություններ եղան ինչպես Լեռնային Ղարաբաղում տեռորիստների ներկայության, այնպես էլ այս կոնֆլիկտի մեջ Թուրքիայի ակտիվ ներգրավվածության մասին։ Ինչը չես կարող ասել Հայաստանի պաշտոնական դիվանագիտության մասին։ Եվ տպավորություն էր, որ այնտեղ ոչինչ չեն անում, որովհետև դրսից որևէ ազդակ չկա։ Կարծում եմ՝ մենք դուրս ենք եկել այդ միամտության շղթայից՝ կարծելով, որ աշխարհը նստած սպասում է, թե մեզ մոտ մարդու իրավունքների կամ պատերազմական իրավիճակում մարդասիրական իրավունքի ինչպիսի խախտումներ են տեղի ունենում, որ նստեն, մեզ համար լացեն կամ ինչ-որ բաներ անեն։ Ակնհայտ է, որ դա ծանր աշխատանքի արդյունք պետք է լինի։ Երբ որ դու հետևողականորեն ամեն բառի, ամեն նախադասության հետևից գնաս ու բերես քո երկրի համար ընդունելի ու ընկալելի կարգավիճակ։ Առավելևս եթե դիմացդ ունես թշնամի, որն ուղղակի ֆոսֆորային զենք է թափում մեր բնակչության վրա։ Հույս եմ ուզում հայտնել, որ հունիսի 21-ից հետո մենք կունենանք իրականություն, որտեղ իշխանությունը կամ իշխանության մաս կազմող քաղաքական ուժերը, պետական գործիչները կունենան միասնական աշխատանքի ընկալումը։ Որովհետև առանց  դրա ո՛չ ԵԺԿ-ից, ո՛չ այլ կառույցից՝ մարդասիրականից մինչև անվտանգային, երեխաների իրավունքի պաշտպանությանից մինչև Եվրադատարան, ոչինչ չենք ստանա։ Որովհետև բզկտված հասարակությունը, երբ որ մտածում է միայն Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան հերքելու կամ այդ մանիպուլյատիվ իրականությունից հասարակությանը հետ բերելու, առողջացնելու մասին, այստեղ, անկեղծ ասած, մեծ հույսեր ունենալ չի կարելի։ 
 
- Մեր արտաքին գործընկերներից ո՞ր երկրների հետ եք աշխատելու տեղ տեսնում։ 
 
- Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին ամենափայլուն իրականացվող ոլորտներից մեկն արտաքին քաղաքականությունն էր։ Ինչո՞ւ եմ այսպիսի բառապաշար ինձ թույլ տալիս օգտագործել։ Հնարավորություն եմ ունեցել նաև դրսում բազմաթիվ իմ ոլորտի, իմ տարիքային շրջանակի միջոցառումներին մասնակցելու, որտեղ բազմաթիվ դասախոսներ, լեկտորներ կային, մարդիկ, ովքեր արտաքին քաղաքականության, հասարակական ակտիվության մեծ փորձ ու ներգրավում ունեն եվրոպական աշխարհում որոշումների կայացման տեսանկյունից, մեզ ասում էին՝ «Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք արել, դուք աշխարհում նախադեպ եք ստեղծել «Եւ, եւ» քաղաքականություն եք որդեգրել»։ Ասում էին՝ ««Եւ, եւ» եք կարողացել առաջարկել աշխարհին և այդ «Եւ, եւ»-ը կարողանում եք արդյունավետ իրականացնել»։ Ի՞նչ արեցին սրանք, ո՛չ «Եւ, եւ»-ը պահեցին, ո՛չ իրենց «Կամ»-ը առաջարկեցին։ Հայաստանը բոլորի հետ թշնամացրեցին, իրականում չեն թողել մի երկիր, որտեղ մենք կասենք՝ «այս երկիրն անվերապահորեն մեր կողքին կանգնած է»։ Ինչո՞ւ, որովհետև այստեղից որևէ մեղսունակ ազդակ ուղղակի չկա։ 
 
Ես մոտավորապես ուզում եմ պատկերացնել աշխարհի լիդերների հետ Նիկոլ Փաշինյանի զրույցները։ Բացի անմակարդակ խնդրանքներից ու երևի թե հայտնի դարձած հանդիպումներից, երբ որ ասում է՝ «Ժողովրդավարության բաստիոն է Հայաստանը դարձել», ասենք՝ մարդիկ ծիծաղելով նայում են, տպավորություն է, որ իրենք բռնապետական երկրից են եկել, սա էլի ժողովրդավարությամբ է գլուխ գովում։ Այդ դեպքում, երբ բոլոր այդ լիդերները գիտեն, թե 2018-ին ինչ էր կատարվում Հայաստանում և ինչ էր թաքնված «հեղափոխություն» կոչվածի տակ, իրականում ինչ դրսևորումներ ուներ, և ով արեց այդ ամեն ինչը։ Այս պարագայում եթե հնարավորություն լինի վերականգնելու այդ ամեն ինչը, մենք պետք է էլի գնանք այդ ուղղությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, այդպես է ստացվել, որ գերտերություն չի։ Ու միանշանակություն պահպանելը բավական դժվար է։ Իսկ բոլորին հասկանալի լեզվով, մեր շահերի ներկայացման լեզվով՝ դա կլինեն տեխնոկրատական շահեր՝ հիմնված թվերի և շահույթի վրա, թե՛ կլինեն ազգային գաղափարախոսության հիմքի վրա, դրանք պետք է համադրվեն։ Որովհետև գոյատևելու այլ տարբերակ մենք այս տարածաշրջանում, այս փակուղու շրջանակներում չունենք։
 
- Շատ է խոսվում Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու մասին։ Ե՞րբ եք տեսնում դրա հնարավորությունը, ի՞նչ պայմաններում հնարավոր կլինի հարաբերություններ կարգավորել, հետագայում սահմաններ բացել։
 
- Սրանց դիրքորոշմանը մի փոքր անդրադառնամ։ Սրանք ի՞նչ են ուզում մեզ ապացուցել՝ «Գիտե՞ք՝ ինչ, մենք առաջինն էինք։ Ով եկավ, խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու մասին»։ Ուղղակի սրանք առաջինն էին, որ կապիտուլյացիայից հետո էին կարգավորում հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Մեր բոլոր նախագահները խոսել են դրա մասին, բայց խոսել են հաղթածի դիրքերից և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիրքերից։ Եվ Թուրքիայի մասով մենք խորհուրդ չենք տվել «կառավարել մեր թշնամանքը» (ինչպես Նիկոլն է ասում)։ Թշնամանքի կառավարումն ամենայն հավանականությամբ Հայոց պատմության դասագիրքը թուրք մասնագետի հետ գրելը կամ թուրք մասնագետին գրել տալն է իրենց համար։ Մերը եղել է պատմության միանշանակ ընկալման և մեր պահանաջատիրության վրա հիմնված։ Նախորդ իրականության և Նիկոլ ստեղծած իրականության Հայաստանի տարբերությունը սա է։ Որևիցե մեկը չի խոսում նրա մասին, որ մենք հավերժ պետք է մնանք փակուղու կամ այդ շրջանակի մեջ, իհարկե ոչ։ Չեմ կարծում, որ առողջ բանականություն ունեցող ՀՀ քաղաքացին մտածում է, որ Թուրքիայի հետ սահմանը պիտի բացվի ցանկացած գնով, մեր ազգային շահի ոտնահարմամբ, որ մենք ընդունենք՝ «ի՞նչ ցեղասպանություն է եղել որ, ի՞նչ է եղել որ, դժբախտ դեպքեր են եղել», կամ մենք ընդունենք, որ «Արցախը ե՞րբ է հայկական եղել որ։ Կարող է, որ Երևանում էլ փողոցներ կան, որ ընդամենը հայեր են ապրել և որևիցե հայկականություն տարածաշրջանում չկա»։ 
 
Նիկոլ Փաշինյանը սա է պատկերացնում, որովհետև այլ տրամաբանություն դնել դրա մեջ, հնարավոր չէ։ Այդ մարդը հարցականի տակ է դնում Շուշին։ Ո՞վ է ասել, որ հարցականի տակ չի դնելու Երևանը, որովհետև նոյեմբերի 9-ից հետո երբ որ ինքը Շուշին հարցականի տակ էր դնում, մենք շատերս ասում էինք՝ «Գիտե՞ք՝ ինչ, կգա Սևանա լճի հարցականության հարցը» և այլն, տպավարություն էր, որ դրան չենք հասնելու։ Իսկ հիմա որ Սյունիքում տեսնում ենք՝ ինչ է կատարվում, հասկանում ենք, որ լավ էլ հասավ։ Փաստորեն Երևանին էլ շատ քիչ չի մնացել, որովհետև այդ մարդը հայելային տարբերակով հետ է քաշում ամեն ինչ, հրավիրում է ԵԱՀԿ, հրավիրում է Մինսկի խմբի համանախագահ պետություններին, այսինքն՝ ի՞նչ, դու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը բաժանում, կտրտում ես, հրավիրում ես ցանկացած պետության, ասում ես՝ «Եկե՛ք, Ձեզ ինչքան պետք է, ստեղից վերցրեք»։ Այս տրամաբանության մեջ մենք ինչպե՞ս պետք է առաջ գնանք։ Իսկ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի այն ժամանակ, երբ որ Հայաստանը լինի կայուն պետություն՝ տնտեսապես, անվտանգային երաշխիքներով։ Մենք հիմա Ազգային անվտանգության ծառայություն անգամ չունենք, ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի հետ սահմանի բացումը։ Հնարավոր ֆինանսական և տնտեսական օղակներն իրենք կզավթեն իրենց գումարներով, իսկ այս կապիտուլյացված ու ջախջախված հասարակոթյան բարոյահոգեբանությունը գնելը, ինձ թվում է ժամերի հարց կլինի, եթե ոչ օրերի։  
 
Սերգեյ Առաքելյան

hraparak.am

← Վերադառնալ ցուցակին