Հարցազրույցներ

«Եթե կա մեկը, որին պետք է պատի տակ գնդակահարել, այդ մեկը Փաշինյանն է». Հովհաննես Սահակյան

06.05.2021

 Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձրեց 3 հայ գերու, որոնց Հայաստան վերադառնալու մասին ՀՀ կառավարությունում տեղյակ չէին, փոխվաչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ ուշ երեկոյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնել էին՝ լուրի վերաբերյալ տեղեկություն չունեն։

 
Լրատվամիջոցին փոխվարչապետի գրասենյակից տրված պատասխանից կարճ ժամանակ անց գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Էրեբունի օդանավակայանում։
 
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը երեկ երեկոյան տեղի ունեցածը համարեց Կառավարության փնթի կառավարման արդյունք՝ ապա հավելեց՝ կա նաև երկրորդ գործոնը՝ ռուսական կողմը պարզապես հաշվի չի նստում այս իշխանության հետ։
«Այսօր Մուրադովը շատ ավելի մեծ լիազորություններ ունի Արցախում, քան Արցախի նախագահն ու Հայաստանի իշխանությունը, այնպես որ, այստեղ նաև այդ հանգամանքը կա. անհրաժեշտ չեն համարել ՀՀ Կառավարությանը որևէ բան ասել»,- ասաց Սահակյանը։
 
ՀՀԿ խորհրդի անդամի փոխանցմամբ՝ իշխանությունն անկարող է լուծել գերիների խնդիրը, անվտանգային այլ խնդիրներ՝ ևս, սակայն հրաժարական տալու փոխարեն՝ շարունակում է մնալ իշխանության, ինչն էլ առիթ է տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին, ինչպես նաև Ռուսաստանին, Հայաստանից և Արցախից ստանալ այն, ինչ ցանկանում են. ստանալ ավելին, քան պահանջում է նոյեմբերի 10-ի հայտարարությունը։
Հարցին՝ արդյոք նրանց ակնկալածը հիմա էլ կարող է դառնալ Սյունի՞քը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց.
 
«Սյունիքից ինչ որ պետք է տար, արդեն տվել է։ Իրանով Սյունիք են տեղափոխում մեզ անհրաժեշտ մթերք, հացահատիկ և այլ բեռներ։ Հիմա այդ բեռնափոխադրումներն անցնելու են Ադրբեջանին հանձնված ճանապահներով։ Էլ ի՞նչ պետք է ստորագրի Փաշինյանը, Սյունիքի էլ ի՞նչն է տալու. Շուռնուխը, Որոտանը, Կապանի ճանապարհները տվել է. 4 անգամ ճանապարհներն անցնում են Ադրբեջանին հանձնված տարածքներով, և մենք այսօր դեպի Սյունիք գնալով՝ տեսնում ենք ադրբեջանական դրոշներ։ Այս իշխանությունը Սյունիքի հետ կապված հիմա գուցե ունի բանավոր պայմանավորվածություններ, հետևաբար, եթե չունենանք ուժեղ իշխանություն, ապա Սյունիքի անկումից հետո չենք ունենալու Տավուշի վերևի գյուղերը, Գեղարքունիքի մարզում ենք ունենալու խնդիրներ, չենք ունենալու Սևան»,- ասաց Սահակյանը։
 
Ինչ վերաբերում է ուժեղ իշխանություն ունենալու հրամայականին՝ ապա ՀՀԿ խորհրդի անդամը նախ նկատեց, որ Փաշինյանի սցենարով արտահերթ ընտրությունների գնալը պետության համար վատթարագույն տարբերակն է, սակայն արտախորհրդարանական ընդդիմությունը գնում է դրա միջոցով իշխանափոխության, քանի որ Փաշինյանը հրաժարվում է անարյուն իշխանությունը հանձնելու և հեռանալու՝ իրեն առաջարկած տարբերակից։
 
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին՝ առաջինը լուռ համաձայնություն տված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների դիրքորոշմանը՝ Հովհաննես Սահակյանը նախ նշեց, որ չի կարող ասել, թե այդ լուռ համաձայնությունն ինչ պայմանավորվածությունների արդյունքում է կայացվել, միևնույն ժամանակ հույս հայտնեց, որ ընդդիմադիր խմբակցությունները երբևէ կապիտուլյանտի ու նրա քաղաքական թիմի հետ որևէ կոալիցիա չեն կազմի, կբացառեն որևէ տեսակի համաձայնություն այն մարդու հետ, որը կապիտուլյացիայի հայտարարություն է ստորագրել և դեռ համարձակվում է խոսել պատերի տակ գնդակահարելու հնարավորության մասին։
 
 «Համաշխարհային պատմության մեջ չկա մեկ կապիտուլյանտ, որը կարող է նման ակտ ստորագրել ու դեռ խոսել մարդկանց գնդակահարելու հնարավորության մասին։ Եթե կա մեկը, որին պետք է պատերի տակ գնդակահարել, ապա այդ մեկը Նիկոլ Փաշինյանն է։ Կապիտուլյացիայի այդ ակտի տակ դրված է Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, և այդ փաստը, աշխարհը շուռ տաք, փոփոխման ենթակա չէ»,- ասաց Սահակյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում
 
Աղավնի Սուքիսայան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին