Հարցազրույցներ

«Սամվել Բաբայանին օգտագործեցին, նա էլ իր փառահեղ անցյալը զոհեց Փաշինյանի հետ ունեցած կասկածելի շահերին». Աննա Մկրտչյան

26.08.2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ ծավալուն ասուլիս տալու որոշումը պայմանավորված էր նրանով, որ, երբ նախագահն այցելել էր Ազգային ժողովում ձևավորված քննիչ հանձնաժողով, դրանից հետո բազմաթիվ հարցեր էին ստացվել, և հանրության լայն շրջանակներին հուզող այդ հարցերի պատասխանները Սերժ Սարգսյանը տվեց հենց այդ ասուլիսի ընթացքում՝ դրանով փակելով մինչ այդ տարածված սուտ տեղեկությունները նույն ապրիլյան պատերազմի մասին։ Այդ ասուլիսից հետո ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամների և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների որդեգրած պահվածքն էլ ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանի ասուլիսը նեղացրել է այն ստերի սահմաններն ու իրականության հետ կապ չունեցող երևույթները, որոնք տարածում էին իշխանությունները։

 
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀԿ անդամ, «Առաջինը Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր Աննա Մկրտչյանը՝ շեշտելով, որ երեքժամյա ասուլիսը փաստում է նաև, որ Աբաջյանի կեղծ պապիկ կերտած այս իշխանությունը չունի այլևս ստելով սեփական իշխանությունը երկարաձգելու տարբերակ։
 
«Հիմա, երբ անվտանգության մասին Փաշինյանի ճղճղոցից եզրակացություն անող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, Քրիստինե Պողոսյան կամ Դանիել Իոաննիսյան կատեգորիան այլևս չի աշխատում, իշխանությունը փորձում է գործի դնել այլ տարբերակ»,- ասաց Մկրտչյանը՝ որպես այլ տարբերակ դիտարկելով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցն ու ապրիլյան պատերազմի վերաբերյալ արած դիտարկումները։
«Երբ իմքայլական պարգևատրվողների ուժը չի հերիքում հանրության շրջանում Սերժ Սարգսյանի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել, Նիկոլ Փաշինյանը սկսում է օգտագործել այն, ինչ կա իր ձեռքի տակ։ Ես ցավում եմ, որ այդ բեմադրության մասնակիցը դարձավ Սամվել Բաբայանը՝ Փաշինյանն օգտագործեց Սամվել Բաբայանին, իսկ նա նախընտրեց իր կասկածելի քաղաքական շահերով ու քրեական գործերով հագեցած ներկան՝ ունեցած փառավոր անցյալից։ Որևէ մեկը չի ժխտում, որ Սամվել Բաբայանն Արցախի ճակատագրում ունի շատ կարևոր դերակատարում, բայց, ցավոք, ինքն իր անցյալը չնախընտրեց։ Սամվել Բաբայանն իր այդ հարցազրույցում խոսեց իրականությանը չհամապատասխանող բաների մասին»,- ասաց Մկրտչյանը՝ ոչ պատահական համարելով Սամվել Բաբայանի հարցազրույցն այդ թեմայով։
 
«Դա պատահական չէր։ Նիկոլ Փաշինյանի համար առաջին դեպքը չէ, երբ ինքն Արցախի իշխանություններին օգտագործում է իր քաղաքական և նեղ անձնական շահերի համար, իսկ այս անգամ օգտագործեց Սամվել Բաբայանին։ Արցախում նախկինում մեկը մյուսի համար հարցազրույցներ չէին տալիս, իսկ հիմա Սամվել Բաբայանը զոհեց իր փառահեղ անցյալը՝ Փաշինյանի հետ ունեցած կասկածելի շահերին»,- ասաց Աննա Մկրտչյանը։
 
Նրա խոսքով՝ Բաբայանը նախընտեց գնալ ոչ միայն քաղաքական շահերի հետևից, այլ ՀՀ իշխանության հրահանգները հավուր պատշաճի կատարելու համար հարվածեց նաև բանակին և Զինված ուժերին՝ խոսելով 5 օր կառավարման կենտրոն չունենալու մասին։
 
Անդրադառնալով Բաբայանի այն պատասխանին, թե ՀՀ նախկին իշխանություններն Արցախի հարցում վարել են դավաճանական քաղաքականություն և հարցն իջեցրել պլինտուսի մակարդակի, Աննա Մկրտչյանը պատասխանեց.
 
«ՀՀ-ն Արցախի հարցի բանակցային դիրքերում գտնվել է ակնհայտ լավ դիրքերում հենց Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ Դժվար թե դա այդպես չլիներ, ու Ալիևը Սերժ Սարգսյանին լավություն անելու համար ասեր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Մի՞թե պարոն Բաբայանը չի տեսնում, որ Փաշինյանն է Արցախի բանակցային հարցը մտցրել փակուղի։ Մենք ունենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն այն մասին, որ իրենք չեն հասկանում, թե ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա եկեք Սամվել Բաբայանին հարցնենք՝ իր կարծիքով՝ Փաշինյանը բանակցո՞ւմ է, թե՞ ոչ, կամ արդյո՞ք համարում է, որ այդ հարցը պետք է լուծվի հանրաքվեով, կամ փողոցում պետք է հավաքվեն ու հարցը լուծեն, կամ եկեք պարոն Բաբայանին հարցնենք, իսկ գուցե իր համար էլ է ընդունելի Փաշինյանի ասածը, որ Արցախի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի Ադրբեջանի ժողովրդին, եթե ինքն այդ հարցում սատար է կանգնում Փաշինյանին, ապա ևս մեկ անգամ ցավով պետք է արձանագրեմ, որ Բաբայանն իր փառավոր անցյալի փոխարեն՝ գերադասեց այս ներկան»։ 
 
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին