Հարցազրույցներ

«Իրականում Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցն էր դիվերսիա մեր բանակի դեմ». Արմեն Աշոտյան

24.08.2020

Օրերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկզբում՝ տեսաուղերձների ձևաչափով, ապա՝ առանձին ասուլիսով անդրադարձել էր 2016թ. ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան բանակցություններին և հանրությանը հուզող այլ հարցերի։

 
Նախագահ Ս. Սարգսյանի հրապարակային մի շարք հայտարարություններին ամենատարբեր հարթակներով անդրադարձան քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներում:
 
 Տեսաուղերձներից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը պնդում է՝ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմում Հայաստանը հաղթանակ է տարել, Ադրբեջանը՝ պարտվել, ասել էր.
«Իմ լավ ընկեր Վաղարշակ Հարությունյանը, վերջերս, կարծեմ, հարցազրույցներից մեկում շատ դիպուկ նշել էր՝ եթե Հայաստանը մի քանի հատ էլ էսպիսի հաղթանակ տոներ ապրիլյան պատերազմի ընթացքում, մենք, շատ հնարավոր է՝ Արցախը կորցնեինք»:
 
Նկատենք՝ Անդրանիկ Քոչարյանի «լավ ընկեր» Վաղարշակ Հարությունյանն այս հայտարարությունից օրեր անց նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական:
 
Ա. Քոչարյանը հավելել էր, որ քառօրյայի ընթացքում երկու տասնյակից ավելի դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ. «…Այո, և դրա մեջ՝ նաև Լելե-Թեփեի շատ կարևոր դիրքեր, որը Սերժ Սարգսյանն այդպես էլ կարևորությունը չկարողացավ ընկալի»:
 
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հրավիրած ասուլիսում, լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով «ավելի քան երկու տասնյակից ավելի» դիրքերի մասին Անդրանիկ Քոչարյանի հնչեցրածին, ասել էր.
 
«Այսօր նպատակահարմար չեմ գտնում անդրադառնալու հանձնաժողովի որևէ անդամի, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահի հայտարարություններին: Մի բան կարող եմ ասել, որ սխալ թիվ է հնչել, և կարծիք ունեմ, որ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովն իր ամբողջական աշխատանքը չի ավարտել»:
 
Դիրքերի կորստի մասին տեղեկությունը, սակայն, կրկին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկ կրկին հաստատեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, կրկին կասկածի տակ դնելով Ապրիլյան պատերազմում մեր տարած հաղթանակը.
 
«Ընդհանրապես ես և այն ժամանակ, և հիմա պնդում եմ, որ դա պատերազմ չի եղել, դա եղել է դիվերսիոն գործողություն, սա առաջինը շեշտենք, որ պարզ լինի: Երկրորդը` փաստը նա է, որ ինչքան էլ ուզում ենք ասել, որ հաղթել ենք, թե ինչ ենք արել, մենք տարածք ենք կորցրել, իսկ տարածք կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին: Այն ամբողջը, որ ներկայացնում են, որ մեր ուժերը կարողացան կանգնեցնել հակառակորդի մեծ պատերազմը, իրականության հետ չի համապատասխանում, դա ուղղակի բառախաղեր են, որ անում են ու փորձում դրանով արդարանալ: Փաստը նա է, որ այո, այդ 21 դիրքը իրոք կորցրել են, դա փաստ է, և տարածքներ ենք կորցրել: Դրանով եթե կհամարեք, որ դա հաղթանակ է, թող համարեն, ովքեր այդ ձև են մտածում»:
 
Սամվել Բաբայանի հայտարարությունների, Ապրիլյան քառօրյայի շուրջ վերջին քննարկումների մասին 168.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:
 
ՀՀԿ փոխնագահը նշեց, որ ցավով է լսել Սամվելի Բաբայանի հարցազրույցը. «Ոչ թե այն պատճառով, որ նա, մոռանալով և՛ անցյալը, և՛ տարվելով այսօր ՀՀ վարչապետին հաճոյանալու մոլուցքով, պարզապես փորձում էր սևացնել Սերժ Սարգսյանի՝ ասուլիսին հնչեցրած գնահատականները և կառավարման տարիները, այլ այն պատճառով, որ Սամվել Բաբայանի կողմից տարածվող թեզերը գրեթե ոչնչով չէին տարբերվում Ապրիլյան պատերազմի հետ կապված ադրբեջանական պրոպագանդայի թեզերից»:
 
– Սամվել Բաբայանը պնդում է, որ Ապրիլյան քառօրյան՝ պատերազմ չի եղել, այլ դիվերսիոն գործողություն, ի՞նչ է ստացվում, ըստ Սամվել Բաբայանի, ռազմական ու քաղաքական գործիչները, հասարակությունը ցայսօր սխա՞լվել են Ապրիլյան ռազմական գործողությունները պատերազմ կոչելով: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները:  
 
– Նսեմացնել հայոց բանակի իրական հաղթանակը, ակամայից տարածել թշնամու քարոզչական թեզերը, արտաբերել այդ թեզերը Լեռնային Ղարաբաղի ազատագրման հարցում մեծ ավանդ ունեցող մարդու շուրթերով, իհարկե, ազգային ողբերգություն է, աղետ է: Աղետ է, երբ մարդիկ, ովքեր ժամանակին պայքարել են Արցախի ազատության համար, այսօր, ելնելով իրենց ճղճիմ քաղաքական օրակարգից, պատրաստ են մի բուռ ցեխ ավել շպրտել այն մարդկանց ուղղությամբ, որոնց ավանդը երկու պետությունների և բանակի կայացման գործում անուրանալի է:
 
Զավեշտ է դիվերսիա համարել ռազմական գործողությունները, որի ընթացքում ադրբեջանական կողմն օգտագործում է իր գրեթե ողջ զինանոցը՝ ներառյալ Սմերչերը, հարվածային դրոնները ու դա անում է մի քանի ճակատով: Իրականում Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցն էր դիվերսիա, դիվերսիա էր մեր բանակի դեմ:
 
Սամվել Բաբայանի դիվանագիտական գիտելիքներին, պատկերացումներին գուցե չանդրադառնամ՝ ելնելով այն հանգամանքից, որ այդ պատկերացումները, իր իսկ բառապաշարով ասած, «պլինտուսից ներքև են» :
 
– Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի հնչեցրած հերթական պնդումն այն էր, թե «տարածքներ կորցնողը չի կարող հաղթանակի մասին խոսել»:
 
– Մինչև զինադադարի կնքումը՝ 1993-94 թթ., հայկական ուժերն իր ղեկավարությամբ բազմաթիվ տարածքներ են զիջել ադրբեջանցիներին. ի՞նչ՝ հիմա դա հաղթանակ չէ՞: Արդյո՞ք Արցախյան ազատամարտի հաղթական լինելու փաստը մենք պետք է հարցականի տակ դնենք, քանի որ որոշակի տարածքներ, մինչև զինադադարի կնքումը՝ Սամվել Բաբայանի՝ բանակը ղեկավարելու օրոք, կորցրել ենք:
 
Արդյո՞ք պատերազմը չափվում է միայն այդ հանգամանքներով, իհարկե, ցավալի են տարածքային կորուստները, բայց պետք է վերահաստատել Սերժ Սարգսյանի կողմից արված պնդումը, որ Ապրիլյան պատերազմն ավելին էր, քան պատերազմ:
 
Ե՛վ ռազմաճակատում ձախողելով ադրբեջանական պլանները, և՛ դիվանագիտական ճակատում ամրացնելով հայկական բանակի ձեռքբերումները, հայկական պետություններն Ապրիլյան պատերազմում տարել են աներկբա հաղթանակ:
 
Ով այդ հաղթանակը դնում է հարցականի տակ, պարզապես ակամայից ծառայում է ադրբեջանական քարոզչամեքենային և «ալիևի ռեժիմի» թեզերն է տարածում: Երբ դա անում են, այսպես կոչված, սորոսական շրջանակները, այդ թվում՝ որոշ լրատվամիջոցներ Հայաստանում, ես մի կերպ կարող եմ եթե ոչ՝ հասկանալ, ապա՝ արձանագրել. նրանց օրակարգը վաղուց հակահայաստանյան է և հակաարցախյան է, իսկ երբ դա անում է պատերազմի թոհուբոհով անցած գեներալը՝ սա աղետ է:
 
– Ըստ Ձեզ, ինչո՞ւ է հատկապես վերջերս քաղաքական օրակարգում հայտնվել Ապրիլյան պատերազմը, պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելու հարցը. սա ի՞նչ է տալու մեզ:
 
– Տարբեր մարդիկ տարբեր շարժառիթներ ունեն այդ ստորությունն անելու համար: Ոմանք ներքին մաղձ ունեն, ըստ ամենայնի, և անհագուրդ ցանկություն՝ հաճոյանալու Նիկոլ Փաշինյանին: Նրանց թվում է՝ քննադատելով Սերժ Սարգսյանին կամ Հանրապետական կուսակցությանը, կարող են է՛լ ավելի ամրացնել իրենց դիրքերը Նիկոլ Փաշինյանի մոտ: Ոմանց համար նպատակներն ավելի հեռավար են։ Ինչպես արդեն ասացի, Հայաստանում կան հստակ հակաարցախյան քարոզչություն իրականացնող գործիչներ և լրատվամիջոցներ, և, զարմանալիորեն, նրանց բոլոր պնդումները բառ առ բառ համընկնում են ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերի հետ (համոզվելու համար` Բաբայանի հարցազրույցը երեկ լսել եք, հիշեք ադրբեջանական ՊՆ արձագանքը Սերժ Սարգսյանի ասուլիսին. գրեթե նույն թեզերն են):
 
Մի՞թե այդքան կարելի է ատել սեփական պետությունն ու հայրենիքը, որ ներքին քաղաքական շահերի համար մրոտել ոչ թե Սերժ Սարգսյանին, ոչ թե Հանրապետականին, այլ մեր պետության նորագույն պատմության հանգուցային էջերից մեկը: Նրանք մի՞թե չեն հասկանում, որ մրոտում են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանն ու Արցախը:
 
– Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ասուլիսում հնչեցրած այն դիտարկմանը, թե Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացն այժմ կա՛մ փակուղի է մտել, կա՛մ ընթանում է ոչ այնպես, ինչպես ինքն է պատկերացնում՝ «դրանով ավելացնելով պատերազմի վտանգը», Սամվել Բաբայանը նշել էր, որ՝ «…Փաշինյանի վրա ա դնում, բայց իրականում իրանք են արել դա…»:
 
– Սամվել Բաբայանը ոչինչ չի հասկանում արտաքին հարաբերություններից, դիվանագիտությունից, և իր պատկերացումներն Արցախյան բանակցությունների մասին, մեղմ ասած, խղճուկ են և աղքատիկ:
 
Երբ նա խոսում է ռազմական գործի մասին, ես քիչ թե շատ ընդունելով որոշակի հեղինակության տարր, պատրաստ եմ իր կարծիքը լսել, բայց երբ նա խոսում է երևույթներից, որոնցից կիլոմետրերով հեռու է, ապա, թույլ տվեք, զավեշտներ չմեկնաբանել:
 
Ինքը նաև ակնարկում էր, թե իբր բանակցային փաթեթի փաստաթղթեր ունի սեղանին, դավաճանական որակեց և այլն. նման պրիմիտիվ հնարքներ, կարծում եմ, վաղուց Հայաստանում՝ անգամ այս աղճատված մանիպուլյացիոն դաշտում, չեն աշխատում: Սերժ Սարգսյանի օրոք բանակցված, բանակցվելիք Արցախյան կարգավորման փաթեթը վաղուց հայտնի է. մենք այն երբեք չենք թաքցրել:
 
«Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում», «Արցախը երբեք չի լինելու Արդբեջանի կազմում» կարգախոսի ներքո է ամրագրված եղել մեր բանակցային փաթեթը. մենք այդպիսի ժառանգություն ենք թողել իրենց, մենք թողել ենք ժառանգություն, որտեղ միջազգային հանրությունը ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ առանց սահմանափակումների: Սա՛ է մեր թողած ժառանգությունը, ինչ են անում իրե՞նք. մենք տեսնում ենք՝ ինչ են անում իրենք:
 
Զարուհի Դիլանյան

168.am

← Վերադառնալ ցուցակին