Հարցազրույցներ

«Այո՛, եկեղեցին ձեզանից ենք պաշտպանում, առարկան հանում եք, տեղը Կարաբինայի պատմությո՞ւնը դասավանդեք». Հովհաննես Սահակյան

07.07.2020

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանն իշխանությանը կոչ է անում վերադարձնել երկրի սահամադրականությունը ու մնալ սահմանադրական նորմերի շրջանակում, քանի որ իրավական պետության հիմնասյունը հենց դրանք են։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սահակյանը՝ անհասկանալի համարելով իշխանության քայլերը Սահմանադրությունը փոխելու և Սահմանադրական դատարանի գործող կազմի մի մասին ազատելու վերաբերյալ։

 
 
«Ես չեմ հիշում որևէ դեպք, որ քաղաքական մեծամասնությունն Ազգային ժողովում Սահմանադրություն փոխի։ Իշխող ուժը միայնակ որոշեց տվյալ ուժի պրինցիպները տանել առաջ և արտացոլել նաև Սահմանադրական դատարանում»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ դա այն դեպքում է տեղի ունենում, երբ Հայաստանի երեսնամյա պատմության մեջ Սահմանադրության մեջ ցանկացած փոփոխություն տեղի է ունեցել միայն հանրաքվեով։
 
 
Սահակյանի համար անհասկանալի է, թե իշխանությունը Սահմանադրական դատարանի հետ այս կերպ վարվելով՝ ինչ խնդիր է լուծում, քանի որ բարձրագույն դատարանն իր կազմով չի խոչընդոտել գործող իշխանությանը։
 
«Եթե նայում ենք, որ դեպքերի ժամանակագրությամբ ամեն ինչ սկսվեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից, ապա տեսնում ենք, թեև ՍԴ-ն իրավասու էր որոշում կայացնելու, ոչ միայն միանգամից որոշում չկայացրեց ու չդակեց, այլ դիմեց միջազգային կառույցներին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, հետևապես շեշտում եմ, որ Սահմանադրական դատարանն օրվա իշխանության համար որևէ խոչընդոտ չի ստեղծել»,- ասաց Սահակյանը։
 
 
Հարցին՝ արդյո՞ք որպես պատճառ կարելի է դիտարկել Արցախի հարցը՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց.
«Եթե խոսքը վերաբերում է Արցախի որևէ հողակտոր տալուն կամ չեզոք գոտու հարցին, ապա, վստահեցնում եմ՝ հարցն անգամ չի էլ հասնի Սահմանադրական դատարան, որ մի հատ էլ մերժվի։ ՀՀ-ում ես չեմ ճանաչում մի հայ մարդու, որը կարող է Արցախից որևէ սանտիմետր տալ ու դա մարսել։ Չեմ պատկերացնում, որ նման հարց կարող է հասնել Սահմանադրական դատարան։ Չի՛ լինելու նման բան, իսկ եթե օրակարգում նման հարց ունեն, ապա թող հանեն իրենց օրակարգից. որևէ մեկը եթե որոշի Արցախ տալ, այդ որոշումը կխեղդվի հենց իր բնում ու չի հասնի Սահմանադրական դատարան, դա բացառված է»։
 
Անդրադառնալով հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձին և, մասնավորապես, այն ձևակերպմանը, որ 2021 թվականի Սահմանադրական բարեփոխումներից հետո և հանրաքվե անցկացնելուց հետո ունենալու ենք ժողովրդի կամքից բխող պետական կարգ, Սահակյանը նշեց, որ որպես իրավաբան անգամ չի կարող տալ հարցի պատասխանը՝ ինչ ասել է՝ ժողովրդի կամքից բխող պետական կարգ։
 
«Չգիտեմ՝ սա ինչպես մեկնաբանեմ անգամ, մենք ունենք սահմանադրական կարգ, չգիտեմ՝ ինչ է նշանակում այդ կարգը։ Իրավագիտության մեջ նոր տերմին է։ Ժողովրդի կամքը, վաղուց է արդեն, ինչ շահարկվում է, բայց մյուս կողմից՝ երբ պատգամավորը վարչապետին հարցնում է, թե Արցախի հարցով ինչ են բանակցում, ասում է՝ ինչ ուզում ենք՝ այն էլ բանակցում ենք։ Ազգային ժողովի պատգամավորը ժողովրդի տված ձայնով ընտրվել ու հարց է տալիս, ստանում նման պատասխան, դա նշանակում է, որ այդ ժողովրդի անունը շատ է շահարկում։ Այդ նույն ժողովուրդը իշխանությանը ձայն էր տվել նաև տեսախցիկները, կարմիր գծերը հանելու համար, սակայն հիմա ոչ միայն չեն հանել, այլև քողարկված ոստիկաններ են քաղաքում շրջում և աջ ու ձախ մեքենաներ կանգնեցնում և մարդկանց տուգանում»,- ասաց Սահակյանը՝ շեշտելով, որ որքան էլ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ իշխանությունը փորձի բթացնել ժողովրդի զգայարանները, միևնույն է՝ գալու է առերեսման ժամանակը, ուստի պետք է լինել առավել ազնիվ այդ նույն ժողովրդի հետ։
 
Դիտակմանը, որ օրերս «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ընկերությունը հրապարակեց սոցհարցման տվյալներ, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 85 տոկոսը, ուստի կարո՞ղ ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ առերեսվելու ժամանակ խնդիր չի ունենա, Սահակյանը նկատեց.
 
«Այս նույն ընկերությունը, երբ այն ժամանակ Սերժ Սարգսյանին ու տարբեր քաղաքական ուժերին տվեց բարձր վարկանիշ, այն ժամանակվա ընդդիմությունն ու այսօրվա իշխանությունն ասում էր, որ այս ընկերությունը ծախված է և պատվերով է հարցում իրականացնում։ Հիմա այս ընկերության տված այդ 85 տոկոս դրական արդյունքը դարձել է օրվա իշխանության փրկօղակը։ GALLUP-ի փրկօղակ դարձած 85 տոկոսանոց վարկանիշը փորձում են ամեն տեղ մատուցել, դա խնդալու է, որովհետև մենք, ժողովուրդը շատ լավ հիշում ենք, թե այս հարցումների վերաբերյալ այսօրվա իշխանությունն ընդդիմություն եղած ժամանակ ինչ վերաբերմունք ուներ»,- ասաց Սահակյանը։
 
Անդրադառնալով վերջին օրերին հանրային դժգոհության առիթ դարձած ԿԳՄՍ նախարարության նոր չափորոշիչներին՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ հասել ենք մի իրավիճակի, որ կարիք է առաջացել պարզապես պաշտպանել եկեղեցին։
 
«Ամպագոռգոռ բառերով նախարարն ասում է՝ էդ եկեղեցին մեզանի՞ց եք պահում։ Իհարկե ձեզանից ենք պաշտպանում, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկան չհանեք, տեղը սովորեցնեք եսիմ ինչ։ Եկեղեցու պատմությունը հանում եք, տեղն ի՞նչ դասավանդեք, երևի Կարաբինայի պատմությո՞ւնը, հանդիպել են, երևի նոր ծրագրեր ունեն, որոնք դեռ հանրության սեփականությունը չեն»,- ասաց Սահակյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին