Հարցազրույցներ

«Հուսամ՝ այդ սկզբունքայնությունը կդրսևորվի նաև ԵՄ-Ադրբեջան նախատեսվող համաձայնագրի տեքստում Արցախին վերաբերող հատվածում». Արմեն Աշոտյան

15.05.2019

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։

 
– Պարոն Աշոտյան, Ադրբեջանը վետո է դրել Արևելյան գործընկերության 10-ամյակի առթիվ նախատեսվող ընդհանուր հռչակագրի վրա։ Նշվում է, որ Ադրբեջանի պատվիրակության դժգոհության պատճառն այն է, որ փաստաթղթի տեքստում չի արտացոլվել երկրի տարածքային ամբողջականության հարցը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
 
 
– Տեքստի նախագծին ծանոթ չեմ, լուրը կարդացել եմ սկզբում՝ ուկրաինական, հետո՝ եվրոպական աղբյուրներում։ Եվրոպական միությունը մշտապես տարանջատել է Ղարաբաղյան հակամարտությունն Արևելյան գործընկերության տարածքում եղած բոլոր այլ հակամարտություններից, որովհետև Ղարաբաղյան հակամարտության և՛ ծագումնաբանությունը, և՛ իրավական հիմքերը, և՛ աշխարհաքաղաքականությունը կտրականապես տարբերվում են շատ ու շատ տարածաշրջանային կոնֆլիկտներից։
 
 
Այս քաղաքականությունը ԵՄ-ն, հատկապես՝ ԵՄ գործող ղեկավարությունը, վերջին 5 տարների մեջ տարել է, ինչն արձանագրված է եղել բազմաթիվ փաստաթղթերում՝ ինչպես Եվրոպական հանձնաժողովի, այնպես էլ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված։ Ադրբեջանը մշտապես ձգտել է հավասարության նշան դնել տարածաշրջանային բոլոր հակամարտությունների միջև և իր տեսակետները խցկել այդ փաստաթղթերի մեջ։ Ուրախ եմ, որ այս անգամ ևս իրենց չի հաջողվել։
 
 
Տարիներ շարունակ մշտապես այդ ջանքերը չեզոքացրել ենք մենք՝ ես և իմ ընկերները՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։ Եվ ուրախ եմ, որ ԵՄ-ն սկզբունքային է այս հարցում, և հուսամ, որ այդ սկզբունքայնությունը կդրսևորվի նաև ԵՄ-Ադրբեջան նախատեսվող համաձայնագրի տեքստում Արցախին վերաբերող հատվածում, և այդ ձևակերպումները կլինեն նույնական Հայաստանի հետ ունեցած համաձայնագրին։
 
– Դուք նախկինում մտահոգություններ եք հայտնել այդ կապակցությամբ, հիմա հավանականություն…
 
– Այո, բարձրաձայնել եմ, ՀՀ քաղաքական օրակարգում այս թեման տարեսկզբից ես եմ բարձրաձայնել։ Ուրախ եմ, որ թեման նաև համակիրներ է գտել, և տարբեր քաղաքական ուժեր ու վերլուծաբաններ սկսել են ուշադրություն դարձնել այս հարցին։ Հիշեցնեմ, որ հունվարից այս կողմ այս հարցը չկար ՀՀ քաղաքական դիսկուրսում, և հարցի բարձրաձայնումն ու խնդրի հետևողական հետապնդումն իրականացնում եմ առ այսօր։
 
– Հիմա, փաստորեն, հավանականությունը մե՞ծ է, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում հակահայկական ձևակերպումներ տեղ չեն գտնի։
 
– Ես չէի ասի՝ «հակահայկական»։ ԵՄ-ն քանիցս հայտարարել է իր դիքորոշումն առ այն, որ սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանն ու առաջարկվող սկզբունքներին։ Հայաստանյան պայմանագրում որևէ պրոհայկական բան գրված չէ։ Հայաստանյան պայմանագրում մենք հաջողել ենք ամրագրել միջազգային հանրության կողմից ընդունված մոտեցումները, որոնք կոմպրոմիսային են։
 
Մեզ լավություն չի արվել, բայց մենք այդ ձևակերպումները կարողացել ենք ստանալ այդ համաձայնագրում։ Եվրոպացիները չմտածեն և չեն էլ մտածել, որ մեզ լավություն են արել։ Այստեղ ԵՄ-ի սկզբունքայնության հարցն է, թե որքանով է ԵՄ-ն հավատարիմ իր հռչակած սկզբունքներին և ունակ այդ խնդիրները ձևակերպել ոչ թե՝ կախված նրանից, թե ով է գործընկեր երկիրը, այլ՝ ելնելով այն հանգամանքից, որ ԵՄ-ն ունի հստակ դիրքորոշում, որը քանիցս արտահայտել է։
 
Ադրբեջանի հետ պատրաստվող համաձայնագիրն այս փուլում, իմ ունեցած տեղեկություններով, չի եզրափակվում, այսինքն՝ չի ֆինալիզացվում՝ ավելի շատ կապված Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրների հետ։ Եվրոպական կողմը, այնուհանդերձ, չի կարող չպնդել նաև ավելի հստակ բարեփոխումների իր պահանջը և Ադրբեջանին ստիպել հանձնառություն ունենալ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանության հետ կապված։ Ադրբեջանական կողմը դիմադրում է։ Այսինքն՝ խնդրո առարկան, որով հետաձգվում է ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի նախապատրաստման աշխատանքների ավարտը, իմ ունեցած տեղելություններով, ոչ թե Արցախյան հակամարտության հետ կապված ձևակերպումներն են, այլ ժողովրդավարության, մարդու իրավունքներին առնչվող՝ ԵՄ-ի պահանջները։
 
Ակնհայտ է, որ Ալիևը վերջին շրջանում փորձում է ավելի քաղաքակիրթ կերպար ստեղծել միջազգային հանրության մոտ՝ որոշակի թուլացնելով պետական ռեպրեսիվ ներգործությունն ընդդիմախոսների վրա, որոշ մարդկանց բաց է թողել։ Մի քիչ, կարծես, ձնհալ է Ադրբեջանում, բայց այդ ձնհալը շատ կոսմետիկ է, այդ ձնհալը դեկորատիվ է, այդ ձնհալը կեղծ է, և եվրոպացիներն այդ մասին շատ լավ գիտեն։ Վստահ եմ՝ նրանք չեն ուտելու, անկախ իրենց մեծ շահագրգռությունից՝ հարավային գազաէներգետիկ միջանցքից, 2020 թվականից ԵՄ երկրներին մատակարարվող ադրբեջանական գազից, և այլն, այնուհանդերձ, կան խնդիրներ, որտեղ ԵՄ-ն, վստահ եմ, չի նահանջելու, գոնե ԵՄ-ի այսօրվա քաղաքական վերնախավը։
 
– Իսկ հնարավո՞ր է տարբերակ, որ Ալիևը պնդի համաձայնագրում նաև տարածքային ամբոջականության մասին ձևակերպումների առկայության վրա, և ԵՄ-Ադրբեջան համաձայնագիրը չկնքվի։
 
– Ես բացառում եմ, որ Ադրբեջանի միակողմանի պնդումները կարող են հանգեցնել դիրքորոշումների կտրուկ փոփոխության։ Խնդիրը հետևյալն է՝ եվրոպացիները բառախաղի և խմբագրական աշխատանքի անգերազանցելի վարպետներ են։ Իմ մտահոգությունը ո՞րն է. կարող են լինել ձևակերպումներ, որոնք առաջին հայացքից՝ համադրելի լինեն ԵՄ դիրքորոշման և հայաստանյան համաձայնագրի հետ, սակայն իրենց խորքում բավարարեն ադրբեջանական իշխանությունների նկրտումները։
 
Եվ այստեղ նորից եմ հրավիրում ՀՀ ԱԳՆ և խորհրդարանական դիվանագիտության պատասխանատու անձանց ուշադրությունը։ Իրենց բացատրությունները մասամբ են ընդունելի, թե երրորդ կողմի հետ համաձայնագրերի մասին մենք պարտավորություն և հնարավորություն չունենք իմանալու, բայց այդ երրորդ կողմերի հետ մենք ունենք նաև ընդհանուր, համադրվող խնդիր՝ Արցախյան կարգավորման հարցը, և այստեղ բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է մշտապես աշխատել, որպեսզի այդ ձևակերպումները լինեն նույնական ՀՀ համաձայնագրի հետ։
 
168.am

← Վերադառնալ ցուցակին