Հարցազրույցներ

«Սպարապետ Վազգենը չի կարող պարտվել Լեւոնին ու Նիկոլին». Շարմազանով

05.02.2019

 Ուղիղ 26 տարի առաջ այս օրը` 1993 թվականի փետրվարի 5-ին, Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը ադրբեջանական օկուպացիայից ազատագրեցին Արցախի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան որոշ շրջաններ։ Պատմական այս շրջանի, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

– 1993 թվականի աշուն-ձմեռը բավականին ծավալուն էր մարտական գործողություններով, ադրբեջանցիներն ամռանից սկսած ունեցան որոշակի փոփոխական հաջողություն, բայց դրանից հետո հայկական եւ արցախյան ինքնապաշտպանական ուժերը` այն ժամանակ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կարողացան հակահարված հասցնել: Հակագրոհը լայն ծավալով սկսվեց հենց 26 տարի առաջ այս օրը  եւ ազատագրվեց ադրբեջանական օկուպացիայից Արցախի հանրապետության մի շարք տարածքներ եւ դրանով սկիզբ դրվեց Արցախի ամբողջական ազատագրմանը: Այս օրերի համար սա շատ արդիական թեմա է, որովհետեւ այսօր շատ են խոսում խաղաղության մասին: Ի սեր Աստծո, բոլորս էլ խաղաղություն ենք ցանկանում եւ խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց դեռեւս հին հռոմեացիներն էին ասում` ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, երբ միաբանվել ու պայքարել է, պարտվել է, երբ նստել է թախտին ու սպասել` բախտին` հույս կապելով տարբեր մեծ պետությունների օգնությունների հետ: Իսկ այդ մեծ պետություններն ասել են, որ, օրինակ, բրիտանական նավատորմը չի կարող բարձրացնալ Արարատի լեռները: Դրա համար, ինչպես Նժդեհն էր ասում, պետք է միավորվենք, մենք պետք է լինենք մեր ճակատագրի դարբինը: Այսօր, առավել քան երբեւէ, պանթուրքիզմի վտանգը առկա է, դրա մասին ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Էլ Թուրքիան չեն խորշում խոսել: Շատ բացահայտ դրա մասին ասում են թե՛ Էրդողանը, թե՛ Ալիեւը: Իսկ այս ընթացքում, դժբախտաբար, մեզ մոտ պետության ղեկավարը եւ նրա քաղաքական թիմը երկիրը տանում են բաժանարար գծերի ճանապարհով: Այդ իմաստով` տեսնում եմ շատ լուրջ մարտահրավերներ:

– Դուք նշում եք մարտահրավերների մասին, սակայն մեզ ամենաբարձր պետական մակարդակով պատրաստում են ինչ-որ խաղաղության: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, Տեր-Պետրոսյանի 1998 թվականի պարտվողական թեզը իրենք ուզում են այսօր կյանքի կոչել, բայց մենք Վազգեն Սարգսյանի գործի ժառանգորդներն ենք եւ վստահաբար ասում եմ` սպարապետ Վազգենը չի կարող պարտվել Լեւոնին ու Նիկոլին: Մենք պետք է կարողանանք գնալ այդ ճանապարհով: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:

 

← Վերադառնալ ցուցակին